Ալիևին են ներկայացվել իսրայելյան Sky Striker հարվածային ԱԹՍ-ները

Ալիևին են ներկայացվել իսրայելյան Sky Striker հարվածային ԱԹՍ-ները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառեց Իսրայելի կողմից վաճառած կամիկաձե դրոնները: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականների ջոկատ տեղափոխող ավտոբուսը, զոհվեց 7 մարդ: Հայաստանն իր բողոքն էր արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ։

Դրանք Ալիևին են ցուցադրվել Թյուրքան ավանում Սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ծառայության նավաշինության կենտրոն այցի ընթացքում:

Sky Striker-ը նախատեսված է մեծ հեռավորության վրա հակառակորդին մարտավարական հարվածներ հասցնելու համար: Այն համալրված է 5 կամ 10 կգ կշռող մարտագլխիկով. 5 կգ կշռող մարտագլխիկով ԱԹՍ-ի թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է, իսկ 10 կգ-ով՝ 1 ժամից ոչ ավելի: Սարքի առավելագույն արագությունը 185 կմ/ժ է, իսկ թիրախին մոտենալու պահին՝ 500կմ/ժ:

Sky Striker-ն ունի ցածր աղմուկով աշխատող էլեկտրական շարժիչ համակարգ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գաղտնի գորոծողություններ ցածր բարձրության վրա: ԱԹՍ-ի օպերատորը հնարավորություն ունի գործողության ցանկացած պահին ընդհատել հարձակումը, շրջանցել և կրկին հարձակվել թիրախի վրա, ինչպես նաև վերադարձնել սարքը բազա:

2017-ի ամռանը Իսրայելի Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ ադրբեջանական կողմը զինվորականներին խնդրել է ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դիրքերի վրա: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր և պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել էին կատարել պահանջները:

Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել՝ պարզելու, թե արդյոք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու սարք է փորձարկել։

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---