Ինչպես պաշտպանել ծնողներին և տատիկ-պապիկներին հիմար կայքերի հիմար լուրերից

Ինչպես պաշտպանել ծնողներին և տատիկ-պապիկներին հիմար կայքերի հիմար լուրերից

PanARMENIAN.Net - 21-րդ դարը տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջան է: Երեխաները շատ փոքր տարիքից կարողանում են վարժ օգտվել գաջեթներից, շատերի ծնողները և նույնիսկ տատիկ-պապիկները օգտվում են սմարթֆոններից ու համակարգիչներից, գրանցված են մի շարք սոցիալական ցանցերում: Բայց եթե երեխաները բոլոր այս հարցերում արհեստավարժ են, նույնը միշտ չէ, որ կարելի է ասել մեծահասակների մասին: Տեղեկատվության այս հորձանուտում հատկապես կարևոր է կարողանալ ճիշտ օգտվել դրա աղբյուրներից, տարանջատել վստահելիները անորակ կայքերից ապատեղեկատվության զոհ չդառնալու համար:

Շատ հաճախ անփորձ մեծահասակների բրաուզերների պատմությունը ուսումնասիրելուց հետո մեդիագրագետ մարդու աչքերից կարող է արյուն հոսել, անհասկանալի ծագման և տարօրինակ անվանումներով ինչ կայքի ասես՝ կարելի է հանդիպել: Դրանց մեջ են թե՛ մեկօրյա կյանք ունեցող մանր կայքերը, թե՛ անհասկանալի անվանումներով, օտարերկրյա դոմեյնների վրա գրանցվածները, թե՛ օրվա քլիկերն ապահովելու համար ապատեղեկատվություն և «շոկային» ու «սկանդալային» նյութեր տարածողները: Ինչպե՞ս պաշտպանել մեծահասակների նյարդերն և ապահովել կիբերանվտանգությունը նման դեպքերում:

Հեշտ լուծում կլինի սոցցանցերում գրանցվել արգելելը: Բայց դա կլինի անարդարացի, քանի որ մեծահասակներն ուզում են հետ չմնալ, ինչպես նաև իրենց հարազատների լուսանկարներին և կյանքին հետևելու հնարավորություն ունենալ: Եթե արգելելը, այնուամենայնիվ, չի ստացվել, տեղադրել բրաուզերների համար Adblock հավելվածը, որը հնարավորություն կտա հնարավորինս քիչ վատ գովազդ տեսնել: Կարելի է տալ նրանց լրատվական կայքերի ցուցակ, որոնց անձամբ դուք վստահում եք՝ 5-6 հատից ոչ ավելի: «Լայքել» այդ կայքերի էջերը ձեր ծնողների մոտից, որպեսզի նրանց լրահոսում հայտնվեն այդ կայքերի հրապարակումները: Ամեն անգամ, երբ մայրիկը կամ տատիկն ուղարկում է ձեզ որևէ հիմար նյութ, ոչ միայն ասել, որ լուրը ֆեյք է, այլև բացատրել, որ այդ լուրը տարածող կայքը կարդալ չարժե, և փոխարենն ուղարկել որևէ վստահելի աղբյուրից ֆեյքի հերքում:

Քանի որ մեծահասակները, որպես կանոն, շատ են սիրում կենդանիների, երեխաների, «հրաշքների» մասին նյութեր, բարի պատմություններ և այլ նմանատիպ հրապարակումներ, կարելի է «լայքել» նրանց էջից մի քանի արտասահմանյան որակյալ «քյութ» բովանդակություն ունեցող էջեր։ Դա կօգնի նրանց բավարարել օրվա պոզիտիվ լուրերի կարիքն ու որոշակիորեն կսահմանափակի «բարի լուրերի» հաշվին լայքեր հավաքող ու այնուհետև ֆեյքեր տարածող կայքերի ազդեցությունը։

Այս ամենն այն մինիմալն է, որ անհրաժեշտ է անել թե՛ մեծահասակների, թե՛ սեփական նյարդերը պաշտպանելու համար: Սակայն միևնույն ժամանակ պետք է պատրաստ լինել, որ բոլոր այդ խորհուրդները չեն օգնի, քանի որ մեծահասակները երբեմն ուղղակի չեն հասկանում, որ ամեն գրված բանի չարժե հավատալ, ուստի պետք է զինվել համբերությամբ և պարբերաբար կրկին բացատրել, որ այսինչ լուրը ֆեյք է, կամ այսինչ կայքին վստահել չարժե։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---