Փաստաբանին վիրավորելն ու սպառնալը կքրեականացվի

Փաստաբանին վիրավորելն ու սպառնալը կքրեականացվի

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պատասխանատվության ենթարկել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ, վիրավորելու կամ սպառնալու համար:

Նշված մասնագիտություններն ունեցող անձանց վիրավորանք հասցնելու կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար անձը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նախատեսվում է նաև սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը:

«Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից քրեական պատասխանատվություն նախատեսելը պրևենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա», - ասվում է հիմնավորման մեջ:

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին վիրավորելու և նրա մեքենան վնասելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---