Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Բրեքսիթի համաձայնագիրը

Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Բրեքսիթի համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը (Համայնքների պալատը) մերժել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած ԵՄ-ից դուրս գալու՝ Բրեքսիթի համաձայնագիրը։ Պատգամավորներից 432-ը դեմ է քվեարկել, 202-ը՝ կողմ: Համաձայնագիրն ընդունելու համար հարկավոր էր 320 ձայն:

Այժմ Լոնդոնը 3 օր ունի Բրեքսիթի այլընտրանքային նախագիծ ներկայացնելու համար: Ըստ ԵՄ օրենսդրության, կառավարությանը դրա համար 21 օր էր տրվում, սակայն, վերջերս Համայնքների պալատը հավանություն է տվել այդ ժամկետի զգալի կրճատմանը: Մեյը մտադիր է նոր ծրագիրը ներկայացնել հունվարի 21-ին, գրում է Deutsche Welle-ն:

Քվեարկությունից հետո Մեյը նշել է, որ իր խնդիրն է կյանքի կոչել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կամքը, որոնք 2016-ին քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին: Մեյը նաև մտադիր է այնպես անել, որ այդ գործողությունը կանոնակարգված կատարվի:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին պահանջել է քվեարկության դնել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Ըստ նրա, կառավարությունն ամենամեծ պարտությունն է կրել նախորդ դարի 20-ականներից ի վեր:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետ է սահմանված 2019-ի մարտը: Բրեքսիտի վերաբերյալ փաստաթղթի դրույթները համաձայնեցվել են Բրյուսելի հետ 18 ամիս տևած բանակցությունների արդյունքում, իսկ ԵՄ երկրները հավանություն են տվել փաստաթղթին: Սակայն, այն բազում ընդդիմադիրներ ունի Մեծ Բրիտանիայում: Մասնավորապես, «կոշտ Բրեքսիտի» կողմնակիցները դեմ են նրան, որ սահմանը ԵՄ անդամ Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մաս հանդիսացող Հյուսիսային Իռլանդիայի միջև բաց մնա, այսինքն, առանց մաքսային հսկողության, եթե Լոնդոնին ու Բրյուսելին չհաջողվի մինչև 2020-ի ավարտը նոր համաձայնագիր կնքել առևտրի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---