Ռուբինյան. Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգում են

Ռուբինյան. Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգում են

PanARMENIAN.Net - Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են օրակարգում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձանժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մենք առաջնորդվելու ենք ՀՀ շահերով, ժողովրդի որոշումներով», հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Արման Բաբաջանյանը հիշեցրել է. «Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018-ի մայիսին իր ընտրության հաջորդ օրն Արցախում հայտարարեց, որ լիազորված չէ Արցախի անունից բանակցել Ադրբեջանի հետ։ Ֆորմալ առումով Փաշինյանը պահում է իր խոսքը, ցայսօր ոչ մի պաշտոնական հանդիպում չի եղել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն մյուս կողմից Հայաստանը շարունակում է արտաքին գործերի նախարարի մակարդակով բանակցել Արցախի անունից։ Այսօր էլ նախատեսվում է նման հանդիպում։ Ի՞նչ եք կարծում՝ Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման մասին»։

Ռուբինյանը պատասխանել է. «Փաշինյանը պահել է իր ասածի տրամաբանությունը։ Իսկ Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված հարցադրումը բազմիցս հնչել է նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ուզում եմ ասել, որ այն տպավորությունը, թե Երևանը հրաժարվել է դրանց անդրադարձից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում»։

Ինչ վերաբերում է արտգործնախարարությունների բանակցային ֆորմատին, ապա Ռուբինյանը նշել է, որ առաջին խնդիրը բուն բանակցությունների շարունակությունը կամ «ռեստարտը» ապահովելն էր։

Մինչդեռ Փարիզում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---