Արմեն Գևորգյան. 2008-ին գաղտնի շտաբի գոյության մասին տեղեկություն չունեմ

Արմեն Գևորգյան. 2008-ին գաղտնի շտաբի գոյության մասին տեղեկություն չունեմ

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով անցնող նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Նախքան դատական նիստի մեկնարկը` Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն: Արձագանքելով 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու վերաբերյալ հարցերին՝ նա ասել է, որ այդպիսի կառույցի մասին տեղեկություն չունի, հայտնում է Yerkir.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե մամուլում տեղեկություններ եղան, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել և արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը՝ Արմեն Գևորգյանը պատասխանել է. «Ես մամուլի հրապարակումները չմեկնաբանելու սովորություն ունեմ: Ով հրապարակել է, նրանից էլ հարցրեք»:

Շտաբի անդամ լինելու վերաբերյալ կրկին հնչած հարցին Գևորգյանն արձագանքել է. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություն չունեմ»:

Գևորգյանն ընդգծել է՝ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն ու տեղեկություններն իր փաստաբանները կհայտնեն: «Այս պահի դրությամբ իմ նախորդ ասածներին որևէ բան չունեմ ավելացնելու կամ դրանցից պակասեցնելու»,- ասել է նա:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել էր, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։ Նա հավելել է նաև, որ շատ բան ունի ասելու, բայց դեռ ժամանակը չէ:

Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։ Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---