Պատգամավոր. Բելգիացի միլիարդատերերը որդեգրում են հոգեկան հիվանդ հայ երեխաներին, որ օրգաննե՞րն օգտագործեն

Պատգամավոր. Բելգիացի միլիարդատերերը որդեգրում են հոգեկան հիվանդ հայ երեխաներին, որ օրգաննե՞րն օգտագործեն

PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հունվարի 17-ի Ազգային ժողովի նիստի իր ելույթի ընթացքում անդրադարձավ որդեգրմանը վերաբերող հարցերին:

«Երկու միլիարդատեր, ասենք, բելգիացի, գալիս են հոգեկան հիվանդ երեխա որդեգրելու: Պա՞րզ չէ՝ ինչի համար էին որդեգրում», - հարցրեց Պետրոսյանը՝ հիշելով իր՝ սոցապ նախարար լինելու տարիները:

«Կասկածներ կային, որ էդ երեխային նրանք հետո օգտագործելու էին նրա մասերը, նրա օրգանները այլ նպատակներով»,- հավելեց պատգամավորը:

Նա նաև առաջարկեց «մանրադիտակով» ուսումնասիրել և խստացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ երեխաներին որդեգրելու գործընթացը՝ հասցնելով այն գրեթե անհնարինի:

Պետրոսյանը շարունակեց իր ելույթը՝ անդրադառնալով նաև ընտանեկան բռնության մասին օրենքին: Նրա կարծիքով՝ պետությունը չպետք է «անհարկի միջամտություն ունենա ընտանեկան համերաշխության ապահովման գործում»:

Նա նաև հավելեց, որ չի խրախուսում ընտանեկան բռնությունը և կոչ արեց չանտեսելու «մեր ժողովրդական արժեքները»:

«Եկեք մեր մտածելակերպը, մեր ազգային մտածողությունը չփոխենք: Ես չեմ ասում՝ մարդուն ծեծենք, ես չեմ ասում՝ երեխային ֆիզիկական ցավ պատճառենք»,- նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ «կարող է մի հատ էլ ապտակես քո երեխային, բայց էդ երեխան էդ ապտակից կարող է ավելի շատ դաստիարակություն ստանալ», քան ոստիկանի այցից:

«Մենք ավանդական, ավանդապաշտ ազգ ենք, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք, հարգելի գործընկեր: Ես ոչ թե հորդորում եմ, կներեք արտահայտությանս, կոպիտ պետք է ասեմ, ոչ թե հորդորում եմ թքել արժեքների վրա... Մենք, եթե համամարդկային արժեքների վրա թքեցինք, մեր կյանքը երկար չի կարող տևել մոլորակի վրա: Բայց նաև չպետք ա անտեսենք մեր ավանդական ընտանեկան բարքերը: Սրա մասին է եղել խոսքը»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ում ոչ ոք չի խրախուսում ընտանեկան բռնությունը, քանի որ դրանով «մենք կհարուցենք երկնային ու երկրային օրենքների զայրույթը»:

ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արդարադատության նախարարության ներկայացրած երեխաների որդեգրման նախագծի քննարկման ընթացքում մտահգություն էր հայտնել որդեգրման վտանգների և երեխաների օրգանների հնարավոր վաճառքի վերաբերյալ:Միրզոյանը նշել էր, որ որդեգրման հարցում խոսքը միայն կոռուպցիայի վտանգի մասին չէ, կան ավելի մեծ վտանգներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---