Նայել աշխարհին սեփական աչքերով

Նայել աշխարհին սեփական աչքերով

PanARMENIAN.Net -

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ի պատիվ իրեն, ընդունեց սեփական սխալն Իրանի վերաբերյալ հնչեցրած գնահատականների մասով ու խոստացավ հետևություններ անել։

Փոխարենը սոցցանցերի հայկական հատվածում ոմանք ամբողջ օրը «զարմանում էին» բարձրացված աղմուկի վրա՝ այն էլ պատգամավորի ազատ խոսքը ճնշելու փորձեր, էլ ճշմարտությունը քարկոծելու դեպք կոչելով, ու մի ամբողջ օր պաշտպանում ԱԺ ամբիոնից Իրանը վիրավորելու «սրբազան» իրավունքը։ Անում էին դա հիմնականում կիրթ, խելացի ու, կարծես թե՝ պոզիտիվ արժեքներ ունեցող և բանական մարդիկ։ Ինչո՞ւ այսպես ստացվեց։

Սիրելիներ,

Եթե այդքան հաստատակամ որոշել եք հարևաններից որևէ մեկի ժողովրդավարությանը գնահատական տալ, լավ կլինի մի պահ կողմ դնեք Իրանը, մի պահ մոռանաք սեփական եվրոպական դիպլոմները, արժեքները, թիֆլիսյան թրեյնինգները և քյութ լուքերը-բանը, ու նայեք` որտեղ ոնց են ձեզ վերաբերվում: Ու այստեղ պատահաբար կպարզվի, որ ավտորիտար Իրանը հայկական մշակութային ժառանգությունը մաքրում-վերակառուցում է ու ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցում, հայկական դպրոցներն ու մշակութային կենտրոնները ֆինանսավորում է պետբյուջեից, նախագահի մակարդակով այցելում Իրաքի հետ պատերազմում զոհված հայերի տներ, և բարձրաստիճան պատվիրակներ ուղարկում հայկական պատարագներին: Այս ամենը՝ մի երկրում, որտեղ հայերը բնակչության մոտ 0.2%-ն են: Իսկ ժողովրդավար Վրաստանում ձեր մշակութային ժառանգությունը փլվում է կամ գողացվում, հայկական դասագրքեր երկիր բերել չի կարելի, որոշ մակարդակից ավելի աճելու համար պիտի փոխես ազգանունդ, իսկ որևէ քաղգործչի հայկական ծագումը կարող է դառնալ կոմպրոմատ ու ներքաղաքական սկանդալների և խմորումների պատճառ: Բայց Վրաստանը կայացած ժողովրդավարություն է, իսկ Իրանն՝ ավտորիտար երկիր, հանկարծ չխառնեք։

Բանը, իրականում, այն չէ՝ ժողովրդավար են Իրանն ու Վրաստանը, թե՝ ոչ, ոչ էլ Վրաստանի ժողովրդավարության մակարդակին գնահատական տալն է մեր գործը՝ թքած այդ նեղ մասնագիտական որակումների վրա, սիրելիներս։ Բանն այն է, որ մարդը տարբերվում է կենդանուց: Տարբերվում է հիշողությամբ, իրավիճակը վերլուծելու, սեփական կենսափորձից ու գիտելիքներից իր սեփական՝ անհատական եզրակացություններն անելու ունակությամբ, կարեկցանքի ու շնորհակալության զգացմունքով, ոչ թե ուրիշների գնահատականն ավտոմատ կրկնելով: Մարդը, ով իր այդ ունակությունները մի կողմ է դնում ու սկսում կապկել այլոց վերաբերմունքը տարբեր մարդկանց, երկրների, մշակույթների կամ երևույթների հետ, մի քիչ դադարում է մարդ լինել ու մի քիչ մոտենում անասունին: Իսկ անասունին մի քիչ մոտենալով երկիրը վերածվում է մի քիչ գոմի, հասարակությունն էլ` մի քիչ նախիրի, որին կարելի է տանել որոճելու, կթել, մեկ-մեկ էլ մորթել: Եթե դուք այդքանը չեք հասկանում` գրողի ծոցը ձեր դիպլոմները, թիֆլիսյան թրեյնինգները և Սոլոլակիում նկարած քյութ լուքերը․ այդ ամենը ձեզ խելոք մարդու տեղ դարձրել է, Նասիմ Թալեբի փայլուն բնորոշմամբ՝ ինտելիգենտ ապուշ, այսինքն՝ կրթության ու մտածելու ունակության փոխարեն գիտելիքների ու արժեքների անկապ, անհոդաբաշխ հավաքածու ստացած թերուս։

Բարոյական կողմից էլ Իրանին նման խառը պահին անտեղի բշտելը (կրկնվեմ՝ պատգամավորը ընդունել է սխալը՝ ի տարբերություն իր պաշտպանների) նման է մի վիճակի, երբ ունես բոլորի հետ կռիվ անող ու բոլորի կողմից մերժված դասարանցի, որը, սակայն, հենց քո հետ լավ է, քեզ միշտ օգնել է դաս անել, միակն է, որ շնորհավորում է ծնունդդ ու մեկ-մեկ նվերներ առնում: Բայց դու դասարանցիներիդ աչքին մոդայիկ երևալու համար միանում ես ամբոխին ու բոլորի հետ մեկտեղ անկապ, անպատճառ ու անտեղի սկսում բշտել։ Կանեի՞ք էդպիսի բան։ Չէի՞ք ամաչի դրանից հետո։ Եթե չէիք ամաչի՝ ուրեմն իզուր եք կարդացել այդքանը:

Լուսանկարում ժպտացող «սմայլիկ»-արևն Իրանում Սբ Թադեի վանքի պատի որմնաքանդակներից մեկն է:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---