Երանոսյանը մեղադրվում է ոստիկանների սոցփաթեթների հետ մեքենայությունների մեջ

Երանոսյանը մեղադրվում է ոստիկանների սոցփաթեթների հետ մեքենայությունների մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեում 2018 թվականի հոկտեմբերին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72,000 դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

Երանոսյանը բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018թթ. ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72,000-ական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, որպիսի գործընթացն իրականացվել է Լևոն Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով:

2014 թվականից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72,000 դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52,000 դրամ արժողության հանգստի ծառայություններ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72,000 դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52,000 ՀՀ դրամին համարժեք:

2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:

Նկատի ունենալով, որ Լևոն Երանոսյանը 2012-2018թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, ուստի՝ 2019 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացվել քրեական գործը՝ ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---