Միրզոյան. Կառավարության կառուցվածքը քննարկվում է՝ վերջնական որոշում դեռ չկա

Միրզոյան. Կառավարության կառուցվածքը քննարկվում է՝ վերջնական որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - Կառավարության կառուցվածքի շուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա:

Միրզոյանը չի բացառել, որ առաջին նստաշրջանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը ներկայացվի․ «Բայց և չեմ բացառում, որ չբերենք, որովհետև դեռ քննարկվում է այդ հարցը», հայտնում է Araratnews-ը։

Ինչ վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։

Ավելի վաղ ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքի փոփոխության նախագիծն» առայժմ գոյություն չունի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---