ՀՀ-ն ու ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսություն են սկսել

ՀՀ-ն ու ԵՄ-ն  վիզաների ազատականացման երկխոսություն են սկսել

PanARMENIAN.Net - 2017-ի նոյեմբերին ստորագրված և 2018-ի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

Հունվարի 15-17-ը Գերմանիա էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ երկրամասերի ՆԳ նախարարների համաժողովի նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ներքին գործերի և սպորտի հարցերով նախարար Հոլգեր Շտալկնեխտի, ԳԴՀ ներքին գործերի պետքարտուղար Հելմութ Թայխմանի, ԳԴՀ ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթի և Բունդեսթագի ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեա Լինդհոլցի հետ:

Հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։

Համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ՄԹ-ն, Ռումինիան և Դանիան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---