Վարչապետ․ 2 կառույց նույն գործով չպետք է զբաղվի, սփյուռքի հարցերը կհամակարգի իմ աշխատակազմը

Վարչապետ․ 2 կառույց նույն գործով չպետք է զբաղվի, սփյուռքի հարցերը կհամակարգի իմ աշխատակազմը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին։ Նա նշել է, որ ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 1 ղեկավար՝ 9-11 աշխատողին, իսկ ՀՀ-ի դեպքում 3-5 աշխատող է բաժին ընկնում 1 ղեկավարին:

«Ունենք իրավիճակ, երբ կան օղակներ, բաժիններ, որոնք ունեն ղեկավարներ, բայց չունեն ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում»,-նշելէ վարչապետւ՝ հավելելով, որ պետական համակարգի օպտիմալացումն ամենևին էլ փող խնայելու նպատակ չի հետապնդում։

Փաշինյանն ասել է, որ 2 գերատեսչություն նույն գործառույթը չպետք է կատարեն, օրինակ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները զբաղվում են ճանապարհների հարցով:

Ինչ վերաբերում է Կրթության գիտության և Մշակույթի նախարարությունների միավորմանը, ՀՀ վարչապետը բերել է միջազգային օրինակը՝ նշելով, որ մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլն, որոնք տնտեսական առաջընթաց ունեն, այդ փորձն են կիրառել։

«Արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, բայց խնայված միջոցները կտրվեն արվեստի զարգացման», - ասել է Փաշինյանը:

Խոսելով Սփյուռքի նախարարության ապագայի մասին՝ նա ասել է, որ նախարարության փակվելու թեման քննարկվում է, քանի որ շատ կարևոր գործառույթներ կան, որ նախարարությունն իրականացնում է սփյուռքում, և դրանց զգալի մասը մշակութային ու կրթական են:

«Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից: Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը կտեղավորվի վարչապետի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ստորաբաժանում: Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն, մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ, որը վարչապետի անունից լիազորված կլինի ինֆորմացիան կուտակել և վարչապետին օգնել այդ հարցերը լիարժեք համակարգել: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ քննարկել են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունների միավորման մասին հարցը: Ըստ նրա՝ 2-ն էլ զբաղվում են օրինակ՝ արտահանման կազմակերպման հարցերով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---