«Նաիրի Ինշուրանս». Չարաշահումների մասին ՊԵԿ հայտարարությունն արատավորում է մեր համբավը

«Նաիրի Ինշուրանս». Չարաշահումների մասին ՊԵԿ հայտարարությունն արատավորում է մեր համբավը

PanARMENIAN.Net - ՊԵԿ-ի կողմից «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին ընկերությունը տեղեկացել է մամուլից: Այդ մասին ասվում է «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտարարվեց, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: Պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն դրամի վնաս:

Ըստ հայտարարության, չարաշահումների մասին ՊԵԿ հայտարարությունը միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը:

«Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը:

Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Միաժամանակ, նշվում է, որ ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, «բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ»:

Ընկերության հիմնական բաժնետերն է ՀՀ 2-րդն նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նրան է պատկանում բաժնետոմսերի 60 տոկոսը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---