«Իմ քայլից» պատգամավոր. Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնեսի հետ կապ չի ունեցել

«Իմ քայլից» պատգամավոր. Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնեսի հետ կապ չի ունեցել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը արագաչափերի բիզնեսի հետ առնչություն չի ունեցել: Այդ մասին Parliamentmonitoring-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ նախկին ընդդիմությունը հայտարարում էր, թե արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին և որքանով է դա ճիշտ՝ Խաչատրյանն ասել է, որ ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից:

«Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»,-ասել է նա:

Այն հարցին, թե սյսինքն, հերքո՞ւմ է հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, Խաչատրյանը պատասխանել է. «Այո»:

Խոսելով ճանապարհներին արագաչափերի ու տեսախցիկների տեղադրման մասին՝ Խաչատրյանը նշել է, որ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք ավելի արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը:

«Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց»,-ասել է նա:

2014 թվականին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ 25 տարվա պայմանագիր է կքնել: Մինչև 2016 թվականը ընկերության տեղադրած արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների դիմաց վարորդների վճարած տուգանքների 50%-ը պատկանում էր ընկերությանը, մյուս 50%-ը մտնում էր պետական բյուջե: Վերջին երկու տարում, ըստ պաշտոնական տեղեկատվության, այդ տուգանքներն ամբողջությամբ պետական բյուջե են մտել:

2018-ի նոյեմբերինԱզգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ կարճ ժամանակում արագաչափերի քանակը էականորեն կկրճատվի:Նա միևնույն ժամանակ նշել է նաև, որ 2012 թվականից ի վեր արագաչափերի տեղադրումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվը: «Մեր ուսումնասիրությունների համաձայն, արագաչափերի տեղադրումը երթևեկության վերահսկողություն իրականացնելիս, կրճատել է մահերի թիվը 11%-ով», - ասել է Քոչարյանը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---