Սվիտալսկի. ԱԺ-ն ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման բոլոր հնարավորություններն ունի

Սվիտալսկի. ԱԺ-ն ՀՀ-ում իրական պառլամենտարիզմի կայացման բոլոր հնարավորություններն ունի

PanARMENIAN.Net - Նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանում իրական պառլամենտարիզմի կայացման համար:Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Սվիտալսկին, շնորհավորելով Միրզոյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանը նաև արժևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանի քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը: «Կարծում եմ, որ սա ևս լուրջ նվաճում կլինի և հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի», - ասել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի էլ ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական և ընտրական համակարգի բարեփոխումների և այլ ոլորտներում:

Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև։

2018 թվականի ապրիլի 11-ին այն միաձայն վավերացվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---