Հովիկ Աբրահամյանը Քննչականում բացատրություն է տվել

Հովիկ Աբրահամյանը Քննչականում բացատրություն է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ հայտնում է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը։

Նա բացատրություն է տվել Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։

Լրատվամիջոցը պարզել է, թե ինչպես է հատուկ պահպանվող տարածքը դարձել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, երբեմն էլ հենց պաշտոնյաների սեփականությունը: Գործարքի արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---