Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ հանդիպմանը

Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ՄՅՈւ հետ առաջիկա խաղին: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, հայտնում է football.london-ը:

Հունվարի 25-ին «Արսենալն» իր դաշտում խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում:

Մարզիչը ասել է, որ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել հանդիպմանը, քանի որ դեռ լիովին չի վերականգնվել ոտքի վնասվածքից հետո:

Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի: Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մարզադաշտ»:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո կարող է մարզադաշտ վերադառնալ հունվարի 25-ին՝ իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում

Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---