Վարչապետ. Վենեսուելայի և ՀՀ դեպքերի միջև ոչ մի ասոցիացիա չի կարող լինել

Վարչապետ. Վենեսուելայի և ՀՀ դեպքերի միջև ոչ մի ասոցիացիա չի կարող լինել

PanARMENIAN.Net - Վենեսուելայում ծավալվող իրադարձությունների և 2018-ին հայաստանյան իրադարձությունների միջև ոչ մի ասոցիացիա չի կարող լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վենեսուելայի իրադարձությունները չի նմանեցնում այն հեղափոխությանը, որի առաջնորդն էր ինքը:

«Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես», - հայտարարել Հայաստանի վարչապետը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով, համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում», - ընդգծել է Փաշինյանը:

Հիշեցնելով, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին՝ լրագրողը հարցրել է․ «Ո՞ւմ եք Դուք պաշտպանում այս հարցում»: Փաշինյանն արձագանքել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Պետք է նախ հասկանանք, թե տեղի ունեցողը որքանով է համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ առանցքայինը պետք է լինի Վենեսուելայի ժողովրդի դերը: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի վենեսուելացիների համար»:

Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ:Գուաիդոն Վենեսուելայում ծավալված մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր ղեկավար: Նրա և ընդդիմության դիրքորոշմանը սատարել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք լատինամերիկյան երկրներ:Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` Վաշինգտոնին մեղադրելով Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---