Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, հայտնում է Քննչական կոմիտե մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ կոմիտեն հայտնել էր, որ 2018-ի մայիսի 25-ին Քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ հաղորդագրության, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը, 2010-ից հանդիսանալով հիմնադրամի գործադիր տնօրեն, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար: Նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը՝ օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև՝ տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով»:

Նշվում է, որ գործադիր տնօրենը 2013-ի ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված 325 միլիոն 600 հաազար դրամ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձնապես խոշոր չափի՝ 226 միլիոն 464 հազար 209 դրամ գումարը, մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ, հաշվից հաշիվ փոխանցելու, քողարկելու և մասնատելու եղանակով օրինականացրել է: Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:

Այնուհետև, 15.05.2013 թվականից մինչև 29.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում մոր հաշվեհամարից 539 հազար 332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին, որից հետո 14.05.2013 թվականից մինչև 30.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490 հազար 583 ԱՄՆ դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, ապա կնոջ հաշվեհամարից 477 հազար 485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին և կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով օգտագործել է իր անձնական կարիքների համար:

2019թ. հունվարի 24-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---