Բալասանյան. Խաղաղության պատրաստավելու համար փաստաթուղթ է պետք

Բալասանյան. Խաղաղության պատրաստավելու համար փաստաթուղթ է պետք

PanARMENIAN.Net - Խաղաղության պատրաստավելու համար հայ ժողովրդին փաստաթուղթ է պետք: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններին:

«Երբ խոսում են բանակցությունների մասին, դրանք պետք է պաշտոնական փաստաթղթի շուրջ ընթանան»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր բանակցությունները բանավոր են գնում, հայտնում է Panorama.am-ը:

«Նրանց, ովքեր խոսում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես հորդորում և առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրների ղեկավարները տարածաշրջանում կնքեն խաղաղության պայամանագիր։ Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այդ փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Հիմա ես հարց եմ տալիս՝ ժողովուրդ, դուք պատրաստվո՞ւմ եք խաղաղության: Մենք հո կռվարար ժողովուրդ չենք, մենք միշտ էլ խաղաղության պատրաստ ենք եղել, չենք հրահրել»,- նշել է Վիտալի Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը և այն ժամանակ ԼՂԻՄ-ը պարտադրված մտել են պատերազմի մեջ, հայտնվել շրջափակման մեջ. «Մենք ընդունել ենք մեզ պարտադրված պատերազմը»:

Ըստ նրա՝ փաստաթուղթ է պետք, որ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ապրող ժողովուրդը, Ռուսաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները իմանան, թե ինչի մասին է խոսքը: «Իհարկե, այստեղ որևէ մեկը չի ուզում, որ պատերազմ լինի, բայց պատրաստվելու համար մեզ փաստաթուղթ է պետք: Պետք է Մինսկի խմբի հովանու ներքո կնքվի խաղաղության այդ պայմանագիրը»,- ընդգծել է Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ բանավոր բոլոր խոսակցությունները բերելու են ամենավատ վիճակին, քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ստեփանակերտի համար կարող է ընդունելի տարբերակ լինել Արցախի որևէ կարգավիճակի դիմաց տարածքային զիջումների գնալը՝ Արցախի ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Միանշանակ ասեմ՝ ոչ: Արցախի ժողովուրդը, համայն հայությունը պատրաստ չէ որևէ տարածքային զիջումների ինչ-որ բանի դիմաց: Զիջումներ եղել են 90-ականներին, մենք չենք զիջե՞լ 2016-ի ապրիլին , երբ հայկական կողմը պատրաստ էր հակահարձակողական օպերացիաների: Դա զիջում չէ՞ր»:

Այն դիտարկմանը, թե բանակցությունների ֆոնին ինչպիսի տրամադրություններ են Արցախում՝ Վիտալի Բալասանյանն ասել է, որ Արցախում որևէ լարվածություն չկա․ «Որևէ մեկը չպետք է մտահոգվի, հերթական բանակցություններ են, դրանք պարտադիր են և պետք են, կարող է մի օր դրական, մի օր բացասական պատասխան լինեն, մտահոգվելու որևէ բան չկա։ Այնպես չէ, որ հայկական երկու հանրապետությունների Զինված ուժերը շատ թույլ են, այսօր, ավելի քան երբևէ, հայոց զինված ուժերը հարուստ են»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը։«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»- գրել է վարչապետը։

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---