«Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը, հնարավոր է, ընդլայնվի

«Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը, հնարավոր է, ընդլայնվի

PanARMENIAN.Net - «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը, հնարավոր է, ընդլայնվի: Այդ հարցը քննարկվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելի հանդիպմանը:

«Մասրիկ-1»-ը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզում:

Քննարկվել են Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, ժամկետները, ինչպես նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունը: Գարեգին Բաղրամյանը հույս է հայտնել, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները և կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են ծրագրի իրականացման հետագա փուլերում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ•ժամ էլեկտրաէներգիա:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

Ընթերցեք նաև.Աբովյանում արևային վահանակների գործարան կկառուցվի մոտ 100 աշխատատեղով

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---