ՄԻԵԴ-ը 2009-ին Փաշինյանի ապօրինի կալանավորման մասով հարցադրումներ է արել ՀՀ-ին

ՄԻԵԴ-ը 2009-ին Փաշինյանի ապօրինի կալանավորման մասով հարցադրումներ է արել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել (փոխանցել-խմբ.) «Նիկոլ Փաշինյանն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դիմումները։

Գրիգորյանի փոխանցմամբ, այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռևս 2010 թվականին, իսկ հետագայում՝ մինչև 2011 թվականը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում և կից ներկայացված ապացույցների կազմում։

ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը քաղաքական ցույցերի և երթերի ժամանակ իր քաղաքական ելույթներով, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով և գործունեությամբ։

«Հետապնդումներն ու իր դատապարտումը երակարաժամկետ ազատազրկման հիմնված չի եղել որևէ նվազագույն ապացուցողական շեմ բավարարող փաստակազմի վրա, իրականացվել է փաստերի խեղաթյուրմամբ և իրավունքի սխալ մեկնաբանություններով։ Ի վերջո, իր դեմ հետապնդումները և իր դատապարտումն իր հիմքում ունեցել է բացառապես քաղաքական մոտիվացիա և նպատակ է հետապնդել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունն և, միաժամանակ, պատժել իրեն նման գործունեության և համահունչ հայացքների արտահայտման համար», - նշված է եղելբողոքում:

Գրիգորյանը նշել է, որ ՄԻԵԴ-ը կառավարությանն առաջադրել է հետևյալ 2 հարցը, «ինչն անուղղակիորեն նշանակում է, որ սույն գործի քննությունը տեղի է ունենալու այս հարցադրումների շրջանակում»:

«Արդյո՞ք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ․-ից մինչև 19/01/2010թ․-ը) համատեղելի է եղել ՄԻԵԴ 5 § 1 հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կամայականություններից և անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։ Արդյո՞ք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ և նրա դատապարտմամբ չեն խախտվել ՄԻԵԴ 10 և 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքները», - նշված է ՄԻԵԴ հարցադրումներում:

«Քանի որ դիմողն առ այսօր այս մասին որևէ հրապարակում չի կատարել, և, նկատի ունենալով, որ հարցը հանրային կարևորության ու ուշադրության դաշտում է, ապա տեղեկացնեմ նաեւ, որ դիմողի (նրա Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո, 22/06/2018թ․-ին) հետ խորհրդակցելուց հետո, նա խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին, համաձայն որի․ դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակում իրեն պատճառված բարոյական և նյութական վնասի, ինչպես նաև՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որևէ պահանջ ներկայացնելուց: Արդարացի փոխհատուցման որևէ պահանջ չի ներկայացվելու նաև գործի քննության հետագա փուլերում՝ համարելով, որ իր գործով ՄԻԵԴ կողմից արդարադատության իրականացումը և ճշմարտության վերհանումը նա դիտարկելու է որպես իր դեմ ապօրինի հետապնդումների և երկարաժամկետ ազատազրկմամբ պատճառված բարոյական և նյութական վնասի ամբողջական հատուցում: Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը և արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի և մարդու իրավունքների ու ազատությունների կայուն մշակույթի ձևավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին», - գրել է Գրիգորյանը:

Նա հավելել է, որ մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման դեմ ուղղված «հակաքարոզչության հիմնական «փաստարկներից» մեկն այն էր, թե իբր իրականացվող քննությամբ փորձ է կատարվում պետության գործադիր իշխանության ղեկավարի կողմից իր պատասխանատվությունը բարդել այլոց վրա»։

«Ահա և այդ դատավարության վերաբերյալ միջազգային-իրավական վարույթը։ Իսկը առիթն է միջազգային անկախ և անկողմնակալ ատյանի կողմից այդ «մեղքի» գնահատականը տալու համար։ Ամենեւին էլ կասկածի տակ չառնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցչի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցչությունն այս գործով պետք է իրականացնել կամ կազմակերպել ոչ ստանդարտ լուծումներ գտնելով (որովհետև իրավիճակը ոչ միայն ոչ ստանդարտ է, այլ նաեւ՝ աննախադեպ, վերջին բառի իսկական, այլ ոչ վերջին օրերին չարչրկված և արժեզրկված իմաստով)՝ նպատակ ունենալով չստվերել ՄԻԵԴ-ում այս գործով դատավարության մրցակցայնության սկզբունքը», - գրել է Գրիգորյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---