Վանեցյան. ԱԱԾ համազգեստի փոփոխությունն ավելորդ բեռ չի լինի բյուջեի վրա

Վանեցյան. ԱԱԾ համազգեստի փոփոխությունն ավելորդ բեռ չի լինի բյուջեի վրա

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների համազգեստի դիզայնը փոխվում է համազգեստի համար տրամադրվող նույն գումարի շրջանակում՝ դրա վրա թանկարժեք դիզայներներ չեն աշխատում: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ բացառելով պետական միջոցների վատնումը:

«Պետական բյուջեի վրա մեր համազգեստի փոփոխությունը որևէ ավելորդ ծախս չի նստելու»,-վստահեցրել է ԱԱԾ պետը՝ պնդելով, որ համազգեստի փորձնական տարբերակը զրահապատ չէ, հայտնում է Yerkir.am-ը:

Նա հավելել է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի, դրանով է պայմանավորված համազգեստների փոփոխման անհրաժեշտությունը։ «Ժամանակին փոխվել են շևրոնները, ԽՍՀՄ–ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը չի փոխվել»,–նշել է նա՝ հավելելով, որ այն համազգեստն, որ ինքը կրում է, մեծ ոգևորություն է առաջացրել ԱԱԾ աշխատակիցների շրջանում, և բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել:

Նա շեշտել է, որ դա փորձնական տարբերակ է. «Տաբատը մեր հիմնական համազգեստի տաբատն է, բաճկոնն է ավելացել։ Բաճկոնն էլ որպես այդպիսին ունեինք համազգեստի ցանկում, միայն մի քանի բան է փոխվել: Սա շատ լավ բան է, նախ համազգեստը պետք է հարմար լինի, որովհետև այն կրողները ամբողջ օրը, լինում է նաև՝ մի քանի օր, համազգեստի մեջ են լինում: Համազգեստը աչքի համար նաև գեղեցիկ պիտի լինի»:

Նա հավելել է, որ կարգադրել է, որ առաջին հերթին փոխվեն Սահմանապահ զորքերի, հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստները, որովհետև ՀՀ եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները սահմանին առաջինը Սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ են շփվում:

«Իսկ նրանք զինվորական շատ խիստ համազգեստով են, փողկապով, ինչը օտարերկրացիներին հիշեցնում է խորհրդային տարիները»,-ասել է Վանեցյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---