Ապօրինի պայմանավորվածություն՝ «Արարատցեմենտի» հետ. Մոտ 270 մլն դրամի վնաս է հասցվել

Ապօրինի պայմանավորվածություն՝ «Արարատցեմենտի» հետ. Մոտ 270  մլն դրամի վնաս է հասցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել. պետությանը հասցվել է մոտ 270 մլն դրամի վնաս:

Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների, մեկ տոննան 51,500 դրամ կանխիկ գումարով ձեռք է բերել շուրջ 540 մլն դրամի ցեմենտ, որն իրացրել է 54,000 դրամով։

Նախնական տվյալներով՝ Արտյոմ Զոհրաբյանը ցեմենտը ձեռք է բերել իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ։ Առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպումների կատարված գործարքի հետևանքով «Արարատցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 81 մլն դրամը գերազանցող նյութական վնաս։

Բացի այս, Արտյոմ Զոհրաբյանը դարձյալ իր ծանոթ Արսեն Առաքելյանի միջնորդությամբ բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արարատցեմենտ» ընկերության տնօրինության հետ՝ մեկ տոննա ցեմենտը 54.000 դրամով գնելու վերաբերյալ։

Պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից օգոստոս ընկերությունից գնել է 200.9 մլն դրամի 3721 տոննա ցեմենտ։ Համաձայն պայմանավորվածության՝ գումարը ընկերության հաշվեհամարին փոխանցելուց հետո Արսեն Առաքելյանի միջոցով գնորդը յուրաքանչյուր տոննայի դիմաց վճարած 54,000 դրամից 3000 դրամ հետ է ստացել։

Նշված ապօրինի գործունեության արդյունքում ևս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այն, նախնական հաշվարկով, 188 մլն դրամ է։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել է պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---