Սյունիքում թերթի խմբագիրն իր մեքենայի հրկիզումը կապում է նախկին մարզպետի հետ

Սյունիքում թերթի խմբագիրն իր մեքենայի հրկիզումը կապում է նախկին մարզպետի հետ

PanARMENIAN.Net - Կապանում հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի մեքենան. նա միջադեպը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Խմբագիրը նշում է, որ իրենց թերթը հիմնականում անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ փորձելով պարզել սեփականատերերին, նաև խնդիրներ է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

«Գնահատում եմ դա որպես մեր մասնագիտական աշխատանքների պատճառով կատարված հանցագործություն, ուրիշ խնդիր ես չեմ տեսնում, ուրիշ պատճառ չեմ տեսնում: Մեր թերթի առաքելությունը 15 տարի շարունակ այդ է՝ լուսաբանել Սյունիքի մարզը: Պարզապես մի ոլորտ կա, որ ցավագին է ընդունվում: Մենք ժամանակին նախկին մարզպետին՝ Վահե Հակոբյան անունով մարզպետ ունեինք, նրա գործունեության հետ համաձայն չէինք, և բավականին շատ նյութեր հրապարակվում էր այդ ուղղությամբ, լուսաբանվում էր: Մենք բավականին շատ հոդվածներ ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, և այդ խնդիրները հանգում էին պարզագույն մի հարցի՝ մենք ընդամենը ուզում էինք ճշտել, թե ովքեր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը, ովքեր էին մասնավորեցման ժամանակ՝ 2004 թվականին, և ովքեր են հիմա, և ինչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականության վերաբաշխումը: Այդ էինք ուզում իմանալ: Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք, առնվազն, Քաջարանի կոմբինատի ծպտված, թաքնված բաժնետերերին դուր չի գալիս», - ասել է նա:

Ըստ Ալեքսանյանի վերջին երկու տարում խմբագրության աշխատակիցների վրա բազմաթիվ այլ հարձակումներ էլ են եղել, որոնց մեղավորներին իրավապահները չեն բացահայտել:

«Ընդամենը 2018 թվականի օգոստոս ամսին հենց այստեղ՝ նույն շենքի բակում, օրվա վերջին խմբագրի վրա՝ ինձ վրա տեղի է ունեցել հարձակում, և մինչև այսօր գործը չի բացահայտվել, հարուցված քրեական գործն էլ կարճել են», - ասել է խմբագիրը:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ թերթը տարիներ շարունակ իր մասին ապատեղեկատվություն է տարածել, ինչի կապակցությամբ իրենք դատարան են դիմել և բոլոր հարցերը մշտապես լուծել են իրավական հարթությունում:

Նա հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---