Արցախում հերքում են «հող հանձնելու» քննարկումների մասին Սամվել Բաբայանի հայտարարությունը

Արցախում հերքում են «հող հանձնելու» քննարկումների մասին Սամվել Բաբայանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե 2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին, հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017-ին, այլ 2016-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։

Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։

Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Իր հերթին Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանը, ում անունը ևս հիշատակել էր Սամվել Բաբայանը՝ նրան մեղադրելով, որ, իբր, մասնակցելով այդ քննարկումներին, որևէ կերպ չի հակազդել, հայտարարել է, որ հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք, հայտնում է Արցախպրեսը:

«Սերժ Սարգսյանը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի և պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների և գործընթացի վերաբերյալ:Ես ունեմ հակամարտության կարգավորման իմ տեսլականը, որն առհասարակ փոփոխության չի ենթարկվել:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետևյալը. «Այստեղ նստած է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեր պետական այրերը, շարժման ակտիվիստները: Խոսելով սահմանների և կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի և ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»,-ասել է Պետրոսյանը:

Պետրոսյանը հավելել է նաև, որ խոսելով Հայաստանի և Արցախի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին, ինքն ընդգծել է, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան և ազգովի զինվենք երկիրը պաշտպանելու համար:

«Ընդ որում՝ այստեղ ես չափազանց կաևորում եմ մեր ժողովրդի միասնականությունը և միշտ օրինակ եմ բերում 1988 թվականը, երբ հենց այդ աննախադեպ միասնականության շնորհիվ է, որ մենք հաղթեցինք: Ի միջիայլոց, այդ ժամանակ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին:Ուզում եմ եզրափակել հայտնի խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»,- ասել է Ռազմիկ Պետրոսյանը:

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել է տարածքային զիջումների հարցը:Նա հորդորել է հարցեր տալ ԼՂ ԱԺ պատգամավորներ Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ինչ է քննարկել նրանց հետ Սարգսյանը 2017 թվականին «դահլիճում հավաքված»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---