Քոչարյանի գիրքը հակասում է պաշտպանի՝ մարտի 1-ի զարգացումների մասին խոսքերին

Քոչարյանի գիրքը հակասում է պաշտպանի՝ մարտի 1-ի զարգացումների մասին խոսքերին

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ, նրա փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել է, որ Քոչարյանը միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան է իմացել տեղի ունեցած իրադարձությունների մասին։

«Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ որ ինքն այդ օրը` 8 անց կեսի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով իրեն զեկուցել են, որ այդպիսի բան կա: Կրկնում եմ, որ երևի նախաքննական մարմինը ստուգել է, հաստատ տեսել է, որ պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել, և դրանից ելնելով էլ պարոն Քոչարյանին չի մեղսագրվել, որ առավոտվա իրադարձությունները ինքը հրահանգել է իրականացնել կամ իմացել է այդ գործողությունների նախապատրաստման մասին, ու թույլ է տվել, որ դրանք իրականանան», - ասել էր Ալումյանը։

Ilur.am կայքի փոխանցմամբ, Քոչարյանը բոլորովին հակառակի մասին է գրել իր՝ վերջերս լույս տեսած «Կյանք և ազատություն» գրքում, որտեղ անդրադարձ կա նաև Մարտի 1-ի դեպքերին:

Գրքի 459-460 էջերում գրված է, որ վրանների զննության օպերացիան ոստիկությունը որոշել էր իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

«Նախորդ օրվա երեկոյան ինձ մոտ ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը: Գրիշան ինձ հետ աշխատել է Ղարաբաղում՝ ՊՊԿ ղեկավարի պաշտոնում իմ նշանակվելու առաջին իսկ օրվանից: Լավ աշխատող և ինձ նվիրված անձնավորություն. նա այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը հանկարծ հրապարակում լինի: Օրենքով Գրիշայի պարտականությունների մեջ էր մտնում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովումը:

-Գրիշա, տես, թե ձեր կանոնակարգերում ինչ է գրված, և գործիր խստորեն համաձայն դրանց:

-Այնտեղ գրված է, որ եթե պահպանվող օբյեկտի կյանքին վտանգ է սպառնում, ապա մենք պարտավոր ենք նրան անհապաղ էվակուացնել անվտանգ տարածք: Իսկ եթե նա հրաժարվի՞:

-Իսկ այնտեղ նրա համաձայնության մասին որևէ բան գրվա՞ծ է:

-Կարծես՝ ոչ:

-Խորհուրդս՝ գործիր հրահանգներին խստորեն համապատասխան: Եվ տես՝ նախկին նախագահի հետ ոչինչ չպետք է պատահի», - գրված է գրքում։

Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հույժ գաղտնի հրամանից, որով, ըստ մեղադրող կողմի, ՀՀ զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում, և տապալվել է սահմանադրական կարգը:

Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր նաև, որ վերջինս տեղյակ չի եղել նաև, որ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը այդ պաշտոնում նշանակման պահին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել. ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---