Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժում կստանա «Նաիրի» ԲԿ-ում

Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժում կստանա «Նաիրի» ԲԿ-ում

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։

«Փետրվարի 8-ի հետազոտություններից հետո կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում», - ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ Հարցին՝ դեռ որքա՞ն ժամանակ Մանվել Գրիգորյանը կմնա հիվանդանոցում, Անատոլի Գնունին ասել է, որ պետք է դեկոմպենսացիան կոմպենսացվի, հետո նոր կկարողանան ասել՝ երբ դուրս կգրվի։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ ասել, որ փետրվարի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են իր պաշտպանյալին։

«Առողջական վիճակը վատ է, ստանում է անհրաժեշտ բուժումները, բողոքներ չունի, նույնիսկ մահացու ծանր հիվանդություն ունենալով՝ միշտ ասում է՝ լավ է», - նշել է Արսեն Մկրտչյանը։

Փաստաբանն ասել է, որ ընտանիքի անդամները չեն կարող տեսնել Մանվել Գրիգորյանին։

Գեներալ-լեյտենանտ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---