ՀՀ-ն և Կիպրոսը տեղեկություններ կփոխանակեն Մերձավոր Արևելքում դեպքերի մասին

ՀՀ-ն և Կիպրոսը տեղեկություններ կփոխանակեն Մերձավոր Արևելքում դեպքերի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Կիպրոսը տեղեկություններ կփոխանակեն Մերձավոր Արևելքում իրադարձությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում իրողությունները ստիպում են համագործակցել ռազմական տեղեկատվության ոլորտում:

«Համագործակցության 13 միջոցառումը դարձավ 15, ստորագրվել է ևս 2 փաստաթուղթ, որոնցից մեկը տեղեկատվության փոխանակման վերաբերյալ՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ: Ես ներկայացրեցի Սիրիայում մեր հումանիտար խմբի տեղակայման բոլոր մանրամասները»,-ասել է ՊՆ ղեկավարը, հայտնում է Yerkir.am-ը:

Նա հավելել է, որ մեկ այլ ուղղություն է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպումը: «Կիպրոսը ԵՄ-ի այն քիչ երկրներից է, որը պահպանում է նման համակարգը եւ ցանկանում է փորձ փոխանակել Հայաստանի հետ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կա համագործակցություն ռազմաօդային ուժերի, ՀՕՊ, մարտական պատրաստության ոլորտներում, վերջինը վերաբերում է հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը վստահ է՝ հումանիտար առաքելությամբ Սիրիա գործուղված հայկական խումբը հաջողելու է: «Հաշվի առնելով խաղաղության հիմնադրման գործում ունակությունները և այն արժեքները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, համոզված եմ, որ հաջողություն կունենա նաև Սիրիայում այս հումանիտար առաքելությամբ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նա:

Սավաս Անգելիդիսը տեղեկացրել է, որ վերը նշված հարցում Հայաստանը և Կիպրոսը համագործակցելու են` տեղեկատվություն փոխանակելով: «Ինչ վերաբերում է տեղեկատվության փոխանակման հետ կապված միջոցառմանը, կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք կիրականացվեն մոտ ապագայում: Որևէ խնդիր այս հարցում չեմ տեսնում»,- ընդգծել է նա:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանում Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաև, որեթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---