// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. 2019-ից Համբարձումյանի անվ. մրցանակի ծախսերը կարվեն պետբյուջեից

Փաշինյան. 2019-ից Համբարձումյանի անվ. մրցանակի ծախսերը կարվեն պետբյուջեից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:

Վարչապետը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին:

Մրցանակը շնորհվել է «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:

Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով նորանկախ պետություն՝ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ: Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության և գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով 2019-ից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ»:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում լիովին գիտակցում են մրցանակի հեղինակության կարևորությունը։ Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին:

«Որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային հեղինակությունը: Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունը ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ և միևնույն ժամանակ խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից է կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը և թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը: Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակակիր, Միջազգային աստղագիտական միության նախորդ երկու նախագահները և մի շարք այլ ճանաչված աստղագետներ:

Վերջերս ռուսական մի մամուլում կարդացի այսպիսի մի հրապարակում, որը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն անվանել էր աստղաֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր և դիպուկ բնորոշում է:

Վիկտոր Համբարձումյանն իսկական գիտության նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր նրա անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցության շնորհիվ էր, որ նրա կողմից ստեղծած Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին աստղաֆիզիկան և ճշգրիտ գիտություններն ընդհանրապես»,-ասել է Փաշինյանը:

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թ. ի վեր՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ. 2010-2016 թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500.000 ԱՄՆ դոլար, 2018 թ. սկսած՝ 300.000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:

 Ուշագրավ
Երթը կանցնի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է մատակարարել 18 ինքնաթիռ
Զեկույցը կազմելիս, հեղինակները դիտարկել են խոսքի ազատության ոլորտի օրենսդրությունն ու զարգացումը թավշյա հեղափոխությունից հետո