10 տարում Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ում €380 մլն-ի ներդրում է արել

10 տարում Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ում €380 մլն-ի ներդրում է արել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը:

Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում: Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալը մոտ 380 մլն եվրո է կազմել: Նա նաև նշել է, որ կառավարության ներկայացրած զարգացման տեսլականը ներդաշնակ է ԵՆԲ-ի Հայաստանում գործունեության ռազմավարական նպատակների հետ, որոնք են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը և կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---