Ռոբերտ Քոչարյանի նոր ուղերձը. Միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար է

Ռոբերտ Քոչարյանի նոր ուղերձը. Միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար է

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է նոր ուղերձով՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ ահագնացող մարտահրավերներին դիմակայելու համար երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ, իսկ միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար է, ասվում է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում:

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստեփանակերտում էի, ուր իմ բազմաթիվ մարտական ընկերների ու զինակիցների հետ հնարավորություն ունեցա մասնակցելու շարժման հոբելյանին նվիրված միջոցառումներին, վերհիշելու մեր անցած ճանապարհը: Այդ օրը գոհունակությամբ արձանագրեցի, որ ազատության ոգին, ինչպես և երեք տասնամյակ առաջ, թևածում է Արցախում: Դա հիրավի անգին արժեք է:

Այս օրը, կարծում եմ, ավելի մեծ գնահատանքի է արժանի, քան ընդունված է: Ղարաբաղյան շարժման դերն ու տեղը հայ ժողովրդի պատմության մեջ առանցքային է, որքան էլ օրվա պատեհությամբ առաջնորդվող մարդիկ փորձեն նվազեցնել այն: Վստահ եմ, որ գալիք սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն դրա ահռելի նշանակությունը:

Ցավոք, միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղևարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար:

«Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար:

Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել։ Մեր երկու պետությունների առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են: Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք», - ասված է ուղերձում:

2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---