Ամուլսարի գործով քննությանը կհատկացվի $396,900

Ամուլսարի գործով քննությանը կհատկացվի $396,900

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $396,900-ը փոխանցել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար:

Նշվում է նաև, որ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն կկատարվի:

Հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն:

Ավելի վաղ՝ 2018 թվականի նոյեմբերի 8-ինմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին:

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 2 միջազգային մասնագիտական ընկերություններ:

2018 թվականի նոյեմբերի 27-ին նշված ընկերություններին ուղարկվել է մրցույթային տեխնիկական առաջադրանքը և առաջարկվել է ներկայացնել տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ մրցույթային առաջարկ, գործողությունների պլան, մասնագետների ցանկը, ովքեր ներգրավվելու են համալիր փորձաքննության կատարմանը, ինչպես նաև՝ գնային առաջարկ:

«Նման գործընթացները սովորաբար տևում են 6-ից 8 ամիս: Բնապահպանության նախարարության գործընկերների հետ այդ գործընթացները հնարավորինս արագացրել ենք: Առկա էին ընթացակարգեր, որոնք շրջանցելն անհնար էր: Նախապատրաստական գործընթացը հաղթահարել ենք չորս ամսվա ընթացքում, իսկ փորձաքննության եզրակացությունը ELARD ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 12-ից 16 շաբաթների ընթացքում: Սակայն, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընկերությունը կներկայացնի ընթացիկ հաշվետվություն: Իսկ նախնական արդյունքները ընկերության կողմից կներկայացվեն սույն թվականի մայիս ամսին»,- նիստին հայտարարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:

Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա՝ 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---