Տեր-Պետրոսյան. Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել

Տեր-Պետրոսյան. Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, դրանց մասին շրջանառվող լուրերին։

ilur.am կայքում հրապարակված հոդվածում Տեր-Պետրոսյանը մասնավորապես նկատել է, որ «գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որևէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի»։

«Որպես աքսիոմատիկ ճշմարտություն է հրամցվում այն հորինվածքը, թե իբր Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն է, իսկ ես՝ նրա կնքահայրը։ Կատարյալ անհեթեթություն. 90-ական թվականներից սկսած մինչև 2000-ականի կեսերը Փաշինյանը, որպես լրագրող, եղել է իմ ամենախիստ և անհաշտ քննադատներից մեկը։ 2006-ին «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո նա դադարեցրել է այդ քննադատական վերաբերմունքը։ 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իմ նախընտրական թիմում։ 2012թ. խորհրդարանական ընտրություններոմ ընտրվել ԱԺ պատմգամավոր նույնանուն ՀԱԿ խմբակցության կազմում։ 2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ և վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը», - գրել է պաշտոնաթող նախագահը։

Տեր-Պետրոսյանը հերքել է նաև այն լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը, իբրև թե, ամեն երեկո զանգահարում է իրեն և խորհուրդներ հարցնում։

«Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, 2018 թվականի հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որևէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որևէ շփում չեմ ունեցել։ Եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել», - գրել է պաշտոնաթող նախագահը։

Առաջին նախագահն անդրադարձել է նաև այն շահարկումներին, թե իբր Փաշինյանը որդեգրել է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը և իրականացնում է Ղարաբաղի հարցի կարգավորման իմ «պարտվողական» ծրագիրը»։

«Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման ծրագրին, ապա, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռևս հայտնի չէ», - գրել է առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև Փաշինյանի կառավարությունում որոշ պաշտոնների նշանակվա՝ իր ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին։

«Փույթ չէ, թե խոսքը վերաբերում է ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին։ Վերջինս, իր իսկ հայտարարությամբ, կասեցրել է կուսակցական գործունեությունը, ինչը բացարձակապես ավելորդ է դարձնում Քաղաքցիական պայմանագրի և Կոնգրեսի միջև սերտ համագործակցության մասին ցանկացած խոսակցություն։ Այս կապակցությամբ ուզում եմ ամենայն հստակությամբ արձանագրել հետևյալը։ Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, չհաշված մեր կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում և հանրահավաքներում։ Այնպես որ, մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում։ Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որ ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու ՀՀ նոր իշխանությունների՝ մեր երկրի բարգավաճմանը եւ զարգացմանը միտված բոլոր ջանքերին», - գրել է առաջին նախագահը։

Տեր Պոտրսյանը վերջում հավելել է, որ «ակնհայտ է՝ վերոհիշյալ և նմանատիպ այլ անհեթեթությունների, ստերի և հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական և մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին և, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ և պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետևանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ»։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը և ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին», - եզրափակել է Տեր-Պետրոսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---