Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Ալեխանդրո Ինյարիտուն

Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Ալեխանդրո Ինյարիտուն

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսին: Այդ մասին հայտնել է փառատոնի կազմկոմիտեն:

«Իմ կարիերայի սկզբից ի վեր Կաննի կինոփառատոնը շատ կարևոր էր ինձ համար: Ես շատ շոյված եմ և ուրախ եմ վերադառնալ այստեղ և անսահման հպարտ եմ՝ նախագահելու ժյուրին»,-ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ «կինոն դա մոլորակի երակներն են, իսկ փառատոնը՝ սիրտը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Անհավանական է, որ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն համաձայնություն է տվել գլխավորելու ժյուրին: Առաջին անգամ Կաննի փառատոնի նախագահը մեքսիկացի դերասան կլինի: Կաննում ամեն տեսակի կինո են ընդունում, և «Բաբելոն» ֆիլմի հեղինակի ներկայության շնորհիվ մենք կմեծարենք մեքսիկական կինոն»,-ասվում է փառատոնի նախագահի և գլխավոր տնօրենի համատեղ հայտարարության մեջ:

2019-ին Կաննի կինոփառատոնը կանցնի մայիսի 14-25-ը:

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն հայտնի մեքսիկացի ռեժիսոր է, սցենարիստ և պրոդյուսեր: Նա առաջին մեքսիկացին է, որը 2006-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում և առաջին մեքսիկացին է, որը ներկայացվել է «Օսկարի» նույն անվանակարգում «Բաբելոն» ֆիլմի համար:

Ինյարիտուն կրկնակի օսկարակիր է որպես լավագույն ռեժիսոր 2015 և 2016թթ., «Բերդմեն» և «Վերապրածը» ֆիլմերի համար: «Վերապրածը» ֆիլմի համար նա նաև «Ոսկե գլոբուս» է ստացել ռեժիսորական աշխատանքի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---