ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ. Առաջնորդվելու ենք բուհական ինքնավարության սկզբունքով

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ.  Առաջնորդվելու ենք բուհական ինքնավարության սկզբունքով

PanARMENIAN.Net - ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները հայտարարություն են տարածել՝ իրենց դիրքորոշումը ներկայացնելով ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցման օրակարգային հարցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է:

Հայտարարության մեջ նշվում է, որ մոտ տասը ամիս է, ինչ առկա է լարվածություն մի քանի պաշտոնյաների և ԵՊՀ ղեկավարության միջև: Ասվում է, որ անձնական հակամարտությունները, ասուլիսային արդարադատությունը, ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահն ու հեղինակությունը:

«Մենք խորապես մտահոգված ենք այս փակուղիով և ԵՊՀ զարգացման հեռանկարի անորոշությամբ: Վերլուծելով նիստի հրավիրման հիմքերը, օրակարգային հարցը, ինչպես նաև վերջին շաբաթներում տեղի ունեցածի ժամանակագրությունը` մենք ունենք հետևյալ դիտարկումները.

1. Որո՞նք են այս օրակարգային հարցով հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու պատճառները: Եթե հիմքը ռեկտորի անարդյունավետ կառավարումն է, ապա ինչո՞ւ է մեկ ամիս առաջ միաձայն հաստատվել ռեկտորի տարեկան հաշվետվությունը: Եթե հիմքը ենթադրյալ իրավախախտումներն ու չարաշահումներն են, ապա որտե՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ակնհայտ է, որ ՊՎԾ պաշտոնյաների կամ ոստիկանության հայտարարությունները իրավական հիմք չեն կարող հանդիսանալ:

2. Ի՞նչ իրավական հիմքով է ԿԳ նախարարը հորդորում ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ: Արդյո՞ք այդ հորդորը բուհի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն չէ, և օրակարգային նման հարցի առաջադրումն էլ պայմանավորված չէ ռեկտորի կողմից նախարարի հորդորներին տեղի չտալով: Նման օրակարգային հարց քննարկելով` հոգաբարձուների խորհուրդը փաստացի դառնում է միջանձնյա հարաբերությունների կարգավորման գործիք և լեգիտիմացնում ԵՊՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները: Այս ամենը ոչ միայն չի բխում ԵՊՀ ինքնավարության և ինստիտուցիոնալ կայունության շահերից, այլ էապես արժեզրկելու է հոգաբարձուների խորհուրդը` որպես ինստիտուտ, և նպաստելու է ԵՊՀ-ի քաղաքականացմանը:

Մենք համոզված ենք, որ ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում և կոչ ենք անում հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ցուցաբերել սկզբունքային մոտեցում` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ անկախ զանգերից, տարատեսակ միջնորդություններից և խորհրդի մյուս անդամների քվեարկությունից` մենք առաջնորդվելու ենք բուհական ինքնավարությունը, իրավականությունը և բարոյականութունը հարգելու սկզբունքներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամներ Սոսէ Ղազարյանը, Աննա Գարեգինյանը, Բաբկեն Հովհաննիսյանը, Գևորգ Մանուկյանը, Աստղիկ Մնացականյանը, Ամալյա Սողոմոնյանը, Դավիթ Ափոյաըն, Ռոզա Խաչատրյանը:

Փետրվարի 22-ին Երևանի պետական համալսարանի՝ ԵՊՀ, գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և քայլեր ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Ավելի վաղԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն ԵՊՀ-ի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք:

ԵՊՀ-ն իր հերթին պարզաբանում է տարածել ներկայացված մեղադրանքները վերաբերյալ՝ շխտելով դրանց իսկությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---