Նախագահը՝ Ծիծեռնակաբերդում. Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի

Նախագահը՝ Ծիծեռնակաբերդում. Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի

PanARMENIAN.Net - Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում:

Նախագահը ոգեկոչել է Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ: Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է. «Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի», հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---