1 մարտի 2019 - 14:18 AMT
Վանեցյան. Ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունենք, հակառակը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ընթացքում անդրադարձել է «Արցախը հանձնելու մասին» խոսակցություններին. նա նշել է, որ գործող իշխանությունները «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունեն»:

«Վերաբնակեցման ծրագիրն իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ամբողջ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»,- ասել է Վանեցյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: