Մանուկյան. Ցանկալի կլինի՝ Մարտի 1-ը ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր լինի

Մանուկյան. Ցանկալի կլինի՝ Մարտի 1-ը ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր լինի

PanARMENIAN.Net - Ցանկալի կլիներ, որ Մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր, հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, Փաշինյանն անդրադարձել է իր մարտիմեկյան ուղերձին և նշել, որ ուղերձն ու ներողությունը պետության անունից ուղղված են նաև անձամբ Մանուկյանին՝ որպես ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավարի: Նա ասել է, որ այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին:

«Ուզում եմ արձանագրել և հույս ունեմ՝ մենք ունենք հանրային համաձայնություն, ըստ որի՝ ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների, կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության, լկտիության, մարդու իրավունքների ոտնահարման էջը փակված է, և վերադարձ այդ բարքերին այլևս չի լինելու: Համենայն դեպս, ես սա համարում եմ մեր կառավարության և իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ամենակարևոր առաքելությունը։ Վստահ եմ, որ մենք շատ վճռական և հաստատակամ կմնանաք այդ առաքելության ծառայության շրջանակներում, անկախ նրանից, թե որևէ ընտրության ժամանակ մեր ուժն ինչքան վարկանիշ կունենա և քաղաքացիների քանի տոկոսը մեր քաղաքական ուժի օգտին կքվեարկի»,-ասել է վարչապետը:

«Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար: Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր», - ասել է, իր հերթին, Մանուկյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---