Փաշինյանը Բելգիայում է. Այցելել է Լյուվենի կրթագիտական հաստատություններ

Փաշինյանը Բելգիայում է. Այցելել է Լյուվենի կրթագիտական հաստատություններ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը: Նանշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ ագործակցություն զարգացնել:

Լյուկ Սելսը ներկայացրել է Կաթոլիկ համալսարանի գործունեությունը. նա նշել է, որ այն ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, որն իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածություն ունեցող ծրագրեր: Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Կրթությունը համալսարանում կազմակերպվում է 15 ֆակուլտետի, իսկ գիտահետազոտական աշխատանքը՝ առանձին բաժինների և հետազոտական խմբերի միջոցով:

Ֆակուլտետները և բաժինները միավորված են 3 խմբում՝ հումանիտար և սոցիալական գիտություններ, բնագիտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ և կենսաբժշկական գիտություն, ընդ որում՝ խմբերից յուրաքանչյուրն ունի դոկտորական դպրոց համապատասխան որակավորման ծրագրերով: Վարչապետին ներկայացվել է նաև Լյուվենի հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ծրագրերը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425 թվականից ի վեր՝ գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը:

Փաշինյանի խոսքով` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական մեծ բարեփոխումների փուլում, և կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը:

«ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ», - նշել է ՀՀ վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի կողմից գործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է IMEC (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` վերջինիս գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: IMEC գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը ՀՀ վարչապետին է ներկայացրել IMEC -ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո-, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերունդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ:

Նա նշել է, որ IMEC-ն ունի շուրջ 4000 աշխատակից և գործունեություն է ծավալում նաև Նիդերլանդներում, Թայվանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել է կենտրոնի կիսահաղորդիչների մաքրման լաբորատորիայում:

ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոնն» էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և IMEC գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին:

Ի. Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոնն» իր տեսակի մեջ եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային: Ցուցադրությունների միջոցով ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները, ինչպիսի ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, IMEC գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու Կոնգրեսին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---