Վարչապետ․ ՀՀ-ն իր սակավ ռեսուրսներով կանխում է նոր ռազմական գործողությունները Հվ․ Կովկասում (վիդեո)

Վարչապետ․ ՀՀ-ն իր սակավ ռեսուրսներով  կանխում է նոր ռազմական գործողությունները Հվ․ Կովկասում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհրդարան․ նրան դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին։

«Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը: Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի և տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի հակառակորդ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում:

«Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը և կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը», - ընդգծել է վարչապետը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։

«Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ:Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը», - ասել է վարչապետը։:

Փաշինյանը նաև կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը: Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---