Արցախի ՄԻՊ-ը Եվրախորհրդարանում պատմել է հայերի դեմ ադրբեջանցիների պատերազմական հանցագործությունների մասին

Արցախի ՄԻՊ-ը Եվրախորհրդարանում պատմել է հայերի դեմ ադրբեջանցիների պատերազմական հանցագործությունների մասին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին:

Համաժողովի կազմակերպիչներն են Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը և Թուֆենկյան հիմնադրամը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

Բեգլարյանն իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հատկապես ռազմական ուղղությունը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում ամենացցուն կերպով այն դրսևորվել է 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործություններն ու այլ վայրագությունները, ինչպես նաև արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառումը:

Պաշտպանը շեշտադրել է, որ մարդու իրավունքների արձանագրված զանգվածային ու կոպտագույն խախտումները մեծապես բխել են հենց հայատյացության տևական քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, որում ցանկացած հայի նվաստացնելն ու սպանելը խրախուսելի վարք է համարվում ադրբեջանական պետության կողմից: Դրա մասին են վկայում և՛ Ռամիլ Սաֆարովի փաստացի հերոսացումը, և՛ պատերազմական հանցագործություններ կատարած զինվորականների պարգևատրումները, և՛ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ: Նա ընդգծել է նաև, որ հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն շարունակաբար խախտում և վտանգում է հատկապես արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, այլ նաև գործնականում անհնար է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կրթական և տեղեկատվական ոլորտներում դրսևորվող հայատյացության օրինակներին՝ ցույց տալով դրանց համակարգային ու տևական բնույթը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական բնագավառը ներկայացնում է կարճաժամկետ տրամադրությունները, իսկ կրթական համակարգում առկա հայատյացությունը կանխորոշում է գալիք սերունդների հոգեկերտվածքը, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ միտումները դրական չեն:

Համաժողովին մասնակցել են նաև թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարակոլուն, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---