Շավարշ Քոչարյան. Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա

Շավարշ Քոչարյան. Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շատ չի ուշանա։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ շատ չի ուշանա»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում ԱԳՆ-ի կողմից՝ փոխնախարարն ասել է, որ իրենց աշխատանքն ամենօրյա է:

Անդրադառնալով բանակցություններին Արցախի ներգրավմանը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը՝ փոխնախարարն ասել է, որ համանախագահները շատ լավ հասկանում են, որ դա կարող է լինել կողմերի համաձայնությամբ:

«Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և նա ամեն գնով ձգտելու է, որ դա չլինի: Այն պահից, երբ Արցախը որպես լիարժեք կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ՝ իրենց ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվում է: Սա է պատճառը, որ Ադրբեջանը դիմադրելու է: Ամեն դեպքում մենք էլ պետք է հետևողական լինենք, որ, այդ թվում միջազգային հանրության ջանքերով, դա պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտող կողմերն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---