«Նորաձևությունը հանուն կանանց առողջության». Ցուցահանդես-վաճառքը կօգնի կրծքագեղձի քաղցկեղ ունեցողներին

«Նորաձևությունը հանուն կանանց առողջության». Ցուցահանդես-վաճառքը կօգնի կրծքագեղձի քաղցկեղ ունեցողներին

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Երևանի Մոլում մեկնարկեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ համատեղ իրագործվող ակցիան` «Նորաձևությունը հանուն կանանց առողջության», որի շրջանակում կանանց միամսյակի ընթացքում՝ մինչև ապրիլի 7-ը, մոլի գլխավոր ատրիումում կգործի հատուկ ցուցահանդես-վաճառք:

Ցուցահանդեսին ներկայացված են հայ կին դիզայներների աշխատանքներ, որոնց վաճառքից գոյացած հասույթի 50%-ը կուղղվի անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններին:

Երևան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի խոսքով՝ մոլն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում ամեն տարի տարատեսակ միջոցառումներ է իրականացնում:

«Այս տարի որոշեցինք մեր, հայ դիզայներների և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բոլոր ռեսուրսները միավորել և իրականացնել մեկամսյա նախագիծ, որն ուղղված է հիմնականում անապահով խավի հայ կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ ստուգումներին», - նշեց Ավագիմյանը:

Նա հավելեց, որ ամեն տարի կանանց միամսյակին մոլն իր կին հաճախորդներին նվերներ է անում, սակայն այս տարի որոշվեց գումարն ուղղել ավելի կարևոր խնդրի լուծմանը:

«Ներկայացված են մոտ 20 դիզայներների աշխատանքներ՝ հագուստի, աքսեսուարների, պայուսակների, զարդերի ապրանքանիշեր: Խոսքը գնում է միայն հայ կին դիզայներների մասին, ինչը շատ սիմվոլիկ է. հայ կին դիզայներները՝ հանուն կանանց առողջության», - ասաց մոլի մարքեթինգի տնօրենը:

Նա նշեց, որ ողջ հասույթի 50%-ին Երևան Մոլը ևս գումար կավելացնի, և այդ ողջ գումարը կուղղվի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում այս ընթացքում հերթագրված կանանց կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությանը: Ի դեպ, առողջության կենտրոնն էլ, իր հերթին, 50% զեղչ կտրամադրի հետազոտությունների իրականացման համար:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ առողջությանն ուղղված բազմաթիվ նախագծեր են իրականացվել, սակայն այս նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է և առանձնանում է: Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած առողջության կենտրոնում միշտ գործել են զեղչեր անապահով խավի համար, այժմ էլ են գործում, սակայն այս նախագիծը հնարավորություն կտա էլ ավելի շատ կանանց օգնելու:

«Մեր նպատակը առողջության ապահովումն է: Ինչքան առողջ է կինը, այդքան առողջ է ընտանիքն ու հասարակությունը», - նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ քաղցկեղի բուժման համար շատ կարևոր է կանխարգելումը, որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան մեծ է հավանականություն այն բուժելու:

Ներկայացված դիզայներներից Faina բրենդի հիմնադիր Ֆաինա Հարությունյանը, իր հերթին, նշեց, որ այդ նախագիծն իսկապես կարևոր է:

«Ինձ, ինչպես և մյուս դիզայներներին, հրավիրել է Երևան Մոլը: Սա իսկապես կարևոր նախագիծ է, ինչը պետք է հասկանան նաև մեր հաճախորդները: Ես հնարավորինս ցածր գին եմ նշանակել, որպեսզի հեշտությամբ շատ հագուստ վաճառվի, և հնարավոր լինի օգնել կանանց», - ասաց դիզայները:

Նրա խոսքով՝ բոլորը միշտ պետք է ներգրավված լինեն սոցիալական խնդիրների լուծման մեջ, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով:

«Դիզայներները միշտ պատրաստ են աջակցել մեր երկրի և հասարակության համար օգտակար նախագծերին», - հավելեց Ֆաինան:

Բացի Faina բրենդից, նախագծին մասնակցում են նաև Kokchian, Shabeeg, Zgest, Petoor, Narre, Ruzane, Just Black և այլ հայ դիզայներների ապրանքանիշերը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---