// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայ դիջեյը՝ Boiler Room-ում. «Բաքուն և Երևանը բարեկամներ են, երաժշտությունը թշնամի չունի»

Հայ դիջեյը՝ Boiler Room-ում. «Բաքուն և Երևանը բարեկամներ են, երաժշտությունը թշնամի չունի»

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին պատմական իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի ակումբային կյանքում՝ Boiler Room:

Boiler Room-ը գլոբալ հարթակ է առավելապես էլեկտրոնային երաժշտության առցանց հեռարձակման համար, որը թույլ է տալիս կենդանի երաժշտության սեանսներ անցկացնել ամբողջ աշխարհում, որին կարելի է հետևել ցանկացած քաղաքից:

Վերջերս նման նախագիծ իրականացվեց Թբիլիսիում, որից հետո՝ Բաքվում, իսկ մարտի 9-ին՝ Երևանում: Հայաստանը 4 դիջեյ էր ներկայացնում՝ Onetreeevn-ն, Nancy Movs-ը, Cast Coverts-ը և Total-ը:

Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց միջոցառումը բացող Onetreeevn դիջեյի շապիկը, ավելի շուտ ոչ թե շապիկը, այլ վրայի գրությունը՝ Music has no enemies.Baku Yerevan are friends. The Earth is our home («Երաժշտությունը չունի թշնամիներ, Բաքուն և Երևանը ընկերներ են, Երկիրը մեր տունն է):

Այդ գրությամբ շապիկով հայ դիջեյի լուսանկարն արագ տարածվեց համացանցի նաև ադրբեջանական հատվածում՝ ոչ միանշանակ արձագանքի արժանանալով՝ ոմանք հավանություն տվեցին այդ ուղերձին, շատերը դատապարտեցին և ագրեսիվ պատասխանեցին:

PanARMENIAN.Net –ի հետ զրույցում Onetreeevn (Արթուր Լոռեցյանը) նշել է, որ իր ուղերձը տեղ հասցնելու հնարավորություն վաղուց էր փնտրում:

«Մենք զուր չենք ծնվել այս մոլորակում, յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի, իհարկե, բայց կա նաև մեկ ընդհանուր առաքելություն՝ ճիշտ սերունդ դաստիարակել, սեր քարոզել այս մոլորակում և կանխել ցանկացած ագրեսիա, հատկապես, այնպիսին, որը պարտադրել է մեզ աշխարհաքաղաքականությունը: Մեզ դարերով շահագործում են՝ մենք կռվում ենք, իսկ ինչ-որ մեկը միշտ շահում է դրանից: Անդրադարձեք պատմությանը, Հայաստանն ու Ադրբեջանն առաջինը չեն այդ ցուցակում: Մենք բոլորս մեկ տուն ունենք՝ դա մեր մոլորակն է, մենք բոլորս մեկ լեզու ունենք՝ դա երաժշտությունն է: Մեզ դարերով բաժանել են, որպեզի իշխեն մեզ, և, ցավոք, դա արդեն մեր գենետիկայի մի մասն է դարձել»,- ասել է դիջեյը՝ նկատի ունենալով ամբողջ մարդկության խնդիրները:

Արթուրը պատմել է, որ փոքր որդի ունի և ինքը, որպես հայր, ցանկանում է, որ իր որդին իմանա ճշմարտությունը և «սովորի տարբերել այն ստից»:

«Ես սովորել եմ Մոսկվայում, ընդունվել եմ 2000-ականներին: Ես բազում ադրբեջանցի, թուրք ընկերներ ունեմ, ունեմ տարբեր դավանանք ունեցող ընկերներ: Այնպես է եղել, որ ես ամիսներով նրանց տանն եմ ապրել, և մենք մինչ օրս ընկերություն ենք անում: Մի՞թե կարող եմ որդուս այլ կերպ դաստիարակել: Այո, մենք պատերազմի մեջ ենք, այո իմ ընկերների ու հարազատների մեջ էլ կան բազմաթիվ սպանվածներ, բայց ես վստահ եմ, որ դա մեր կամքով չէ, դա աշխարհաքաղաքականության բիզնեսն է: Ո՞վ է ուզում պատերազմ: Բոլորին հարցրեք, միայն աննորմալ մարդը»,- ասել է Արթուրը:

Ըստ նրա, «քանի դեռ մենք (մարդիկ) նման բաներ (պատերազմ, ատելություն) ենք քարոզելու, միշտ էլ զարմանալու ենք, թե ինչու այսքան աղետ կա այս մոլորակում»:

«Ես ուղերձ հղելու հնարավորություն ունեի, ես դա արեցի և խորհուրդ եմ տալիս բոլորին նույն կերպ վարվել: Boiler Room-ը հիանալի հարթակ էր այդպիսի ուղերձի համար: Խաղաղություն բոլորիս»,- եզրափակել է երաժիշտը:

 Ուշագրավ
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, The HALO Trust ծրագիրն անհամար թվով կյանքեր է փրկել