ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և մնալու է քննարկումների կարևորագույն կետերից (վիդեո)

ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և  մնալու է   քննարկումների կարևորագույն կետերից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստն ունի շատ խորհրդանշական և մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ:

«Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերևս մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է: 2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, և ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր է ձեռնարկելու այս ուղղությամբ, և «այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը»:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի», - ասել է Փաշինյան:

Ըստ Փաշինյանի, բանակցությունների մինչև այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում են շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից:

«Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը: Այդ բանակցություններում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետությունըս՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաև միջազգային հանրությունը:

«Գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում և, ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություևններում: Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: Որևէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---