// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ռոստելեկոմը» մեկնարկում է «Համացանցի հանրագիտարան» համակարգչային դասընթացների նոր փուլը

«Ռոստելեկոմը» մեկնարկում է «Համացանցի հանրագիտարան»  համակարգչային դասընթացների նոր փուլը

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը», գործակցելով «Այբ» դպրոցի և «Վիքիմեդիա Հայաստանի» հետ, փետրվարից իրականացնում է բոլորի կողմից շատ սիրված՝ «Համացանցի հանրագիտարան» (Азбука Интернета) նախագծի նոր փուլը։

Նախագիծը միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք է, որը մշակված է հատուկ տարիքային այդ խմբի համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։

Ծրագրի նոր փուլն իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմի» նախաձեռնությամբ։ Դասերն անցկացվում են գործընկեր «Այբ» դպրոցի աշակերտների կողմից կամավորության սկզբունքով «Վիքիմեդիա Հայաստանի»՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում։

Փետրվարին անցկացվել է դասընթացների մեկնարկին նվիրված հանդիպում-միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան դասընթացավարների հետ, տեղեկացան մանրամասներին։

«Հատուկ կարևորում ենք այս նախագիծը առաջին հերթին այն պատճառով, որ այն հնարավորություն է ընձեռում 50+ տարիքի մեր բնակչությանը առավել մոտ գտնվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, առցանց ռեսուրսներին, առավել անկաշկանդ օգտվելու համակարգիչներից, կատարելու առցանց գնումներ և վճարումներ, ինչու չէ՝ նաև հաղորդակցվելու նոր տեխնոլոգիաների հետ երիտասարդների միջոցով։ Նախագիծը յուրահատուկ մեթոդոլոգիայի շնորհիվ տարբեր սերունդների միջև հաղորդակցության ու կենսափորձի փոխանակման հնարավորություն է, ինչը, կարծում եմ՝ դասընթացների կարևորագույն ձեռքբերումներից մեկն է», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն ՀայկՖարամազյանը։

Արդեն իսկ 51-74 տարեկան մասնակիցների երկու խումբ հաճախում են դասընթացների, որոնք կավարտվեն ապրիլին հավաստագրերի շնորհման արարողությամբ։

«Համացանցի հանրագիտարան» դասընթացներն անցկացվել են հայերենով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում:

«Համացանցը միավորում է բոլորիս, և կարևոր է, որ այդ միավորումը հավասար հասանելի լինի բոլորին՝ անկախ տարիքից։ Այս նախագծի շնորհիվ մենք ևս մեկ քայլ ենք անում դեպի այդ միավորումը։ Մեծապես կարևորում ենք նաև մեր աշակերտների՝ որպես կամավորների ներգրավումը, քանի որ այն ևս լրացուցիչ խթան է սերունդների շփման ու համագործակցության համար», - նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Հավաստագրեր կշնորհվեն նաև «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր անգնահատելի փորձ ու հմտություններ են ձեռք բերում նախագծի շրջանակներում դասավանդելով։

«Մենք, «Վիքիմեդիա Հայաստանում», անչափ կարևում ենք կրթությունը և համարում, որ երբեք ուշ չէ նոր բան սովորել, նոր հմտություններ յուրացնել։ Անչափ ուրախ ենք այս նախաձեռնության մի մասը լինել և օգնել այն ռեսուրսներով, որ անհրաժեշտ են համակարգչային հմտություններ ձեռքբերելու համար։ Երբ մասնակիցները բավարար հմտանան, կծանոթացնենք Վիքիմեդիա նախագծերին, կսովորեցնենք օգտվել Հայերեն Վիքիպեդիայից, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում», - նշել է «Վիքիմեդիա Հայաստանի» գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը։

Հայաստանում այս նախագիծն իրականացվում է 2015 թվականից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ ավելի քան 250 մասնակից Երևանից և մարզերից ձեռք են բերել համակարգչային հմտություններ և ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

«Համացանցի հանրագիտարան» (Азбука Интернета) նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։

Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը