Պատրանքները «ժողովրդավարական եւ եվրոպականացած Վրաստանի» մասին ջարդուփշուր եղան Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Վրաց ուժային կառույցները Ջավախքում իրենց վերջին գործողություններով հերթական անգամ ապացուցեցին համաշխարհային հանրությանը, որ այդ պետությունը չի կարող անդամակցել արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պատրանքները «ժողովրդավարական եւ եվրոպականացած Վրաստանի» մասին ջարդուփշուր եղան Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:



«Ապօրինի ներխուժումները երիտասարդ հայ ակտիվիստների տները, ապօրինի խուզարկություններն ու ձերբակալությունները, ինչպես նաեւ հայ ակտիվիստների տարեց հարազատների ձերբակալությունները տպավորություն են ստեղծում, որ Վրաստանը դարձել է միջնադարի իշխանական պետություններից մեկը, որտեղ չեն գործում օրենքները, քաղաքացիների տարրական իրավունքները, իսկ տեղի իշխանները բոլոր իրավունքներն ունեն տեղի բնակչության համդեպ»,-նշել է փորձագետը:



Ըստ Աբրահամյանի, այս դեպքում նման իշխանի դեր է կատարում Ախալքալաքի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանը, որը փաստորեն տապալեց Թբիլիսիի իր տերերի առաջադրանքը եւ մինչ այժմ իր գործողություններով եւ հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներով գրգռում է վրաց ղեկավարությունից առանց այդ էլ դժգոհ հայ բնակչությանը: «Երկրի ղեկավարությունը, հավանաբար, չի ների նման թերացումը ազատամիտ հայ ակտիվիստներին ոչնչացնելու գործում եւ վերջնական ճնշումից հետո, այսինքն վերջիններիս ձերբակալումից կամ կաշառումից հետոմ, պաշտոնանկ կանի Ս.Պետրոսյանին: Հնարավոր է, որ իր պաշտոնից ոստիկանության ներկայիս ղեկավարի հեռացումից հետո, Թբիլիսին նրա պաշտոնում կնշանակի երիտասարդ, ակտիվ եւ իր ազգային որակներով հայտնի մարդու, որը կփորձի նոր ուժով եւ ծախու ձգտումներով վերջնականապես կոտրել Ջավախքի հայության ազատատենչ եւ անհնազանդ ոգին: Սակայն այսօրվա դրությամբ, կարելի է վստահաբար ասել, որ երկշաբաթյա վաղեմության իրադարձությունները կդառնան Ջավախքի փաստորեն ստրակցված հայության պայքարի սկիզբը ընդդեմ վրացական ապօրինությունների, բռնի ուծացման եւ տեղի թբիլիսյան խամաճիկների»,-հայտարարել է Աբրահամյանը:



Նա նաեւ նշել է, որ լիակատար տեղեկատվական շրջափակման եւ շփոթության պատճառով, Ջավախի հայ բնակչությունն յուրովի է քննարկում հունիսի 17-21-ի իրադարձությունները, եւ երբեմն ստեղծում է Գուրգեն Շիրինյանի փախուստի առասպելական սցենարներ: Այսօր Գ.Շիրինյանը, որը միայնակ է պայքարում այդ ապօրինությունների եւ բռնատիրության դեմ, Ջավախքի երիտասարդների համար աստիճանաբար դառնում է պայքարի եւ նմանակման յուրօրինակ խորհրդանիշ: Այս ամենն ամրագրվում է տարբեր լուրերով երկու ոստիկանների տարօրինակ սպանությունների մասին, ինչը վերջնականապես ի չիք է դարձնում այն նվազագույն վստահությունը ամեն վրացականի հանդեպ եւ աստիճանաբար հանգեցնում է ատելության, հատկապես Գուրգեն Շիրինյանի գործողությունների եւ անձի քրեականացման ֆոնի վրա:



Էդուարդ Աբրահամյանը հայտարարել է նաեւ, որ այժմ, երբ ստեղծվում է ատելության Ջավախքի հայության ոտնահարման մթնոլորտը, Հայաստանի ղեկավարությունը հիանալի շանս ունի ձեռք մեկնելու իր հայրենակիցներին, որ բնակվում են իրենց պատմական հողի վրա` ակտիվորեն աջակցելով նրանց եւ ակտիվորեն ճնշում գործադրելով վրաց ղեկավարության վրա: «Հայաստանը, ելնելով ստեղծված իրավիճակից, պետք է ամբողջությամբ իր քաղաքական, տնտեսական եւ հասարակական վերահսկողության տակ առնի միակ ճանապարհը դեպի Սեւ ծով»,-ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---