Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. Կարող է ազատազրկվել 2-6 տարով

Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է. Կարող է ազատազրկվել 2-6  տարով

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի քրեական գործով նախաքննությունը. նրան մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Հիմնավորվել է, որ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ, և որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Գործը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---