Ալիև. Չենք կարող ընդունել ՀՀ-ի առաջարկած ձևաչափի փոփոխումը

Ալիև. Չենք կարող ընդունել ՀՀ-ի առաջարկած ձևաչափի փոփոխումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխումը:

«Հայկական կողմը հարց է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միաժամանակ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպանները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ՝ նշելով, որ ձևաչափն անփոփոխ է մնում: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները: Դա լուրջ ազդակ է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումը գնալով առավել մեծ աջակցություն է ստանում»,-ասվում է Ալիևի՝ Նովրուզի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձում, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում մնում է անփոփոխ: «Հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Լեռնային Ղարաբաղը մեր պատմական հողն է և հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի վրա»,-ասել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր. «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի»:

ՀՀ վարչապետը հայտարարել էր նաև, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի երեք սկզբունքն ու վեց տարրը պարզաբանման կարիք ունեն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---